Eduard L. Levanyan

Ֆլեշմոբ

Advertisements


11:06 – 04.06.2011

Կասկադի այգում` քարե Թամանյանի հենց թիկունքին, հետաքրքրիր հասարակություն է հավաքվում: Ամեն անգամ անցնելիս նոր խմբեր էլ եմ հայտնաբերում՝ օտարազգի զբոսաշրջիկներ, սփյուռքահայեր…, բայց մշտականներն ամենատարբեր ոճերով հագնված ջահելներն են, անիվներով սահողները ու մեկ էլ՝ պարտադիր որեւէ մեկը, որ կանգնած սեւեռուն նայում է զինվորականի արձանի ուղիղ համապատասխան տեղին:

Իսկ հունիսի 11-ին այնտեղ համատարած ընթերցանություն է լինելու. 15-20 րոպեով: Անցյալ տարի այդ օրն էլ նույնն արեցին կազմակերպիչները, բայց այս անգամ ակցիան ոչ թե որպես ֆլեշմոբ, այլ որպես տոն է անցկացվելու: Եվ սպասում են ավելի շատ մասնակիցների. հինգշաբթի կեսօրին միայն «Ֆեյսբուքով» մասնակցելու ցանկություն հայտնածների թիվն արդեն անցնում էր 1300 -ից:

24-ամյա Էդուարդ Լեւանյանն ու իր ընկերները, որոնց սկսել են անվանել «Ֆլեշմոբի տղերք», ուզում են տոնն ավանդական դարձնել ու հաջորդ տարի հունիսի 11-ին աշխարհի գրքի մայրաքաղաք Երեւանում համահայկական ընթերցանության օր կազմակերպել: Անցյալ տարի ամենակրտսեր մասնակիցն Այբբենարան կարդացող հինգ տարեկան աղջիկ էր, ամենատարեցը՝ 82 տարեկան տղամարդ: Ոմանք քայլելով էին կարդում, ոմանք՝ գետնին նստած:

– Կողքից տարբեր արտահայտություններ անողներ չկայի՞ն:

– Լինում էին, մեկն ասաց՝ չեմ հասկանում, սա ակցիա է թուրքերի դե՞մ: Մյուսը՝ ոնց եմ ներվայնանում, խի՞ են, է, սաղ կարդում:

– Միայն հայերե՞ն գրքեր էին կարդում:

– Դժվարանում եմ ասել, այդ օրը` որպես կազմակերպիչ, շատ խառն էինք:

– Իսկ եթե էրոտի՞կ գրքեր բերեն:

– Մենք ասում ենք՝ չմոռանաք ձեզ հետ վերցնել ձեր ամենասիրելի գիրքը: Պարտադիր գիրք պետք է լինի, այլ սահմանափակում չենք դնում:

– Իսկ ի՞նչ տարբերություն՝ տո՞ն կկոչվի, թե՞ ֆլեշմոբ:

– Տոնն ավելի ընդգրկուն է: Ուզում ենք ցույց տալ աշխարհին, որ մենք գրքասեր ազգ ենք: Մենք երիտասարդ ենք համարում մեկից հարյուր մեկ տարեկաններին, եւ ուզում ենք ցույց տալ, որ մեր երիտասարդությունը գիրք կարդում է:

– Դու քո ասածին հավատո՞ւմ ես:

– Այո: Անցյալ տարի աչքովս եմ տեսել 350 հոգու կարդալիս:

– Ոչ միայն փիար մասնագետ ես, այլեւ սոցիոլոգ, 350 հոգով կարելի՞ է ասել, որ մենք կարդացող ենք:

– Իհարկե, բոլորի վրա միանշանակ չի կարելի տարածել, բայց եթե ասողներ կան, որ երիտասարդությունը չի կարդում, նրանց 15 րոպեում կարելի է ապացուցել, որ կարդում է: Իսկ այս տարի արդեն 1000-ից ավելին կլինենք:

– Ջավախքում ես ծնվել, մեծացել, բայց խոսվածքիդ մեջ բարբառային շեշտադրումներ չկան:

– Այստեղ սովորելիս, 7 տարի շփվելով երեւանաբնակների հետ, լեզուս կոտրվել է: Ես էլ եմ աշխատել ինձ վրա, որովհետեւ չեմ սիրել բարբառի պատճառով ուշադրության կենտրոնում հայտնվել` չնայած երբեք չեմ խուսափել ու չեմ ամաչել: Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես, ու ինչքան բարբառ գիտես, այնքան հայ ես:

– Ասում էիր՝ ունեցել ես կուսակցական համակրանք, ինչո՞ւ «թարգեցիր»:

– Որպես սոցիոլոգ` ինձ շատ էին հետաքրքրում վերջին քաղաքական զարգացումները, որոնք հնարավորություն էին տալիս տեսական գիտելիքը տեսնել պրակտիկ դաշտում: Քաղաքական դաշտի տարբեր կողմերում ունեցել եմ շատ լավ ընկերներ, բայց հիմա ժամանակ չունեմ քաղաքականության մասին մտածելու, որովհետեւ ունեմ աշխատանք ու խիստ զբաղված եմ տարբեր գործերով:

– Բացի ֆլեշմոբներից, օնլայն հանդեսիցդ, Վրաստանում ունեցածդ շահույթ չհետապնդող բիզնեսից, այլ ի՞նչ զբաղմունք ունես:

– Հիմա ֆակուլտետի շրջանակներում հիմնադրում եմ հայկական սոցիոլոգիական ակումբ: Դրա շնորհիվ շրջանավարտները չեն խզի կապը ֆակուլտետի հետ, անդամները բազմաթիվ գիտական նորություններով կփոխանակվեն:

– Հայաստանում ընտրությունից ընտրություն, երբ սոցիոլոգիական հետազոտությունների թվեր են հրապարակվում, հերթական անգամ հայտարարվում է սոցիոլոգիայի` որպես գիտության, մահվան մասին:

– Մեզ մոտ տարածված է այն տեսակետը, որ սոցիոլոգները պարզապես թվեր են հայտարարում. դա այդպես չէ, սոցիոլոգիան երկու մասի է բաժանված՝ տեսական եւ կիրառական. թվեր հրապարակելը, հետազոտություն իրականացնելը սոցիոլոգիայի 5 կամ 10 տոկոսն է կազմում:

– Խոսքս այն մասին էր, որ այդ թվերի անկեղծությունն է կասկածի տակ:

– Ես զերծ կմնամ մեկնաբանելուց՝ անկե՞ղծ են եղել թվերը, թե՞ ոչ, բայց կարող եմ ասել, որ Հայաստանում կան շատ կազմակերպություններ, որոնք շատ ճիշտ ու գրագետ տվյալներ են հրապարակում՝ անկախ նրանից, թե ով է պատվիրատուն:

– Ինչպե՞ս ծնվեց Հայաստանում ֆլեշմոբի ավանդույթ ներդնելու գաղափարը:

– Ընկերներով աշխատանքից հետո հավաքվում էինք մեր սիրելի սրճարանում, ու պատահաբար այդ գաղափարը ծագեց, մանավանդ, նախադեպը չկար Հայաստանում. հատվածական փորձեր էին եղել:

– Իսկ ո՞ր երկրում է ծագել ֆլեշմոբի մշակույթը:

– Դժվար է ասել: Մեր ընկերներից մեկն ասում է, որ առաջին ֆլեշմոբերը Նոյն է եղել, որն Արարատից կայծակնային արագությամբ իջել է: Մեր թիմը ձեւավորվեց անցյալ տարի գարնանը: Մեր առաջին ֆլեշմոբն ապրիլի 22-ին էր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, պոլիտեխնիկի ուսխորհրդի հետ համատեղ իրականացրինք: Շառլ Ազնավուրի հրապարակում 92 հոգի ուղղանկյունաձեւ կանգնեցին, գլխավերեւում բարձրացրին կարմիր ու սպիտակ թերթիկները, կարմիր տառերը 95 թվանշանը կազմեցին:

– Այսպիսի ակցիաներ կազմակերպելու նպատակը ո՞րն է:

– Երիտասարդական կյանքի ակտիվացումը, նոր մշակույթը ու կարծրատիպերից ազատումը: Մենք սկզբունք ունենք, որ քաղաքականությունից ու կոմերցիայից դուրս ենք: Մեր «Ֆլեշմոբ դիվիզիան» ո՛չ կոմերցիոն պատվեր է իրականացնում, ո՛չ կրոնական, ո՛չ քաղաքական, չնայած ունենում ենք բազմաթիվ առաջարկներ, բայց զերծ ենք այդ ամենից:

– Որքան հասկացա, քաղաքական՝ ոչ, բայց քաղաքացիական նպատակներ ունեք. երբեմն շատ դժվար է դրանք իրարից տարանջատել:

– Մենք կարողացել ենք՝ իրանականացնելով ավելի շատ սոցիալական ու բնապահպանական թեմաներով ֆլեշմոբներ: Օրինակ՝ Հանուն հավասար հնարավորությունների ակցիան, որը սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանն էր ուղղված: Կարապի լճում, որն, ի դեպ, Սեւանա լճի ուրվագիծն ունի, «ձկնորսություն» էինք կազմակերպել. ասելիքը՝ եթե շարունակենք այսպես անխնա շահագործել Սեւանը, կդառնա նույնը, ինչ Կարապի լիճը: Մայիսի վերջերին մեր անցկացրած «ԳրինԳո»-ի՝ թարգմանել ենք՝«Կանաչ անցիր», ուղերձն էր, որ պետք է փողոցն անցնել կանաչ լույսի տակ:

– Նաեւ մասնագիտության բերումով երիտասարդության շերտերն ուսումնասիրած կլինես: Ի՞նչ մեծ բաժանումներ կան:

– Եթե լայն վերցնենք՝ պահպանողականներ ու նորարարություններ ընդունող: Նախկինում պահպանողականներն էին շատ, ինձ թվում է՝ հիմա հավասար են, իսկ միտումը նորարարականների շատացումն է: Երեւանում: Մարզերում մի քիչ այլ է, մարզերը յուրովի են զարգանում, բայց նույն բանաձեւի մեջ:

– Ֆլեշմոբներին ավելի շատ աղջիկնե՞րն են մասնակցում, թե՞ տղաները:

– Մեր միջոցառումների մասնակիցների մոտ 70 տոկոսն աղջիկներն են: Եվ վիճակագրական պատկերից է, եւ նրանից, որ աղջիկներն ավելի ազատ են:

– Ընթերցանության տոնից հետո եկող այլ նախաձեռնություն չունե՞ք:

– Ուզում ենք 7-10 ընկերներով հավաքվել, հեծանիվներով գնալ Ղարաբաղ: Մեր ասելիքը՝ զարգացնենք հեծանվային երթեւեկությունը, ինչը նշանակում է առաջին հերթին մաքուր օդ: Եվ դրանից բխող մեկ այլ ուղերձ՝ հակածխախոտային պաստառներ ենք փակցնելու ճանապարհին եղած գյուղերում ու քաղաքներում:

– Եվ այս մասին խոսում ենք՝ երկուսս էլ ծխելով:

– Ես գիտակցում եմ, որ այն վնասում է իմ առողջությունը: Բայց ես չեմ ծխում չծխող մարդու մոտ: Ես չեմ վտանգում չծխող մարդու առողջությունը եւ ուրիշներին էլ կոչ եմ անում նույնն անել:

Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

http://www.yerkir.am/am/news/8018.htm

Advertisements